Ադրբեջանի պաշտպանության կայքում մայիսի 9-ին Ռուսաստանում Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի լուսանկարից հայկական դրոշի «խորհրդավոր» անհետացման հանգամանքը շարժել է նաեւ գերմանական մամուլի հետաքրքրությունը։

Sueddeutsche Zeitung-ը մասնավորապես գրում է. «Մոսկվայում մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված շքերթի ժամանակ հայ եւ ադրբեջանցի զինվորները քայլերթի էին դուրս եկել մեկը մյուսի հետեւից։ Սակայն Ադրբեջանը ակնհայտորեն կնախընտրեր, որ այդ մասին ոչ ոք չիմանա»։

Der Spiegel-ը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ուղիղ եթերով հեռարձակման ժամանակ հստակ երեւում է ադրբեջանցի զինվորականների հետեւից ծածանվող հայկական դրոշը, որը, սակայն, բացակայում է Ադրբեջանի ՊՆ կայքից, գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները, մեղմ ասած, լարված են մնում։ Այսուհանդերձ նրանց զինծառայողները մայիսի 9-ին Մոսկվայում քայլերթի էին դուրս եկել մեկը մյուսի հետեւից, ինչը Ադրբեջանում մանիպուլյացիայի դիմելու առիթ հանդիսացավ»։

«Հարեւան Հայաստանի եւ Ադրբեջանի լարված հարաբերությունների զոհը այս անգամ հայկական դրոշն է դարձել», գրում է Yahoo Deutschland-ը՝ ուշադրություն հրավիրելով այն  հանգամանքի վրա, որ ֆոտոմոնտաժի ենթարկված լուսանկարի հետին պլանում Ռուսաստանի պատմության թանգարանի մի պատուհանը անհետացել է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել էր մեկնաբանություններից։ Իսկ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը նշել էր, որ ինքը կասկած չունի, որ խոսքը ֆոտոմոնտաժի  մասին է։ «Ըստ ՊՆ աղբյուրների՝ իրենք էլ չէին սպասում, որ հայ եւ ադրբեջանցի զինծառայողները քայլերթի դուրս կգան մեկը մյուսի հետեւից։ Փորձերի ժամանակ նրանք հրապարակի տարբեր մասերում էին քայլում»,- հայտարարել է Ջաֆարովը։