Այս տարվա ընթացքում կտրուկ աճել է ՌԴ մուտքի արգելանք ունեցող ՀՀ այն քաղաքացիների թիվը, որոնց արգելանքը հանվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության պետԳագիկ Եգանյանը:

Նա նշել է, որ եթե մինչեւ այս տարվա հունվար Ռուսաստանից ստացված դրական պատասխաները կազմում էին 23,6 տոկոս, ապա 2015-ի հունվարից սկսած այդ ցուցանիշը 2 անգամից ավելի աճել է՝ հասնելով 52,6 տոկոսի: Ընդ որում, այսցուցանիշից եթե հանենք այն դեպքերը, երբ ՀՀ քաղաքացու ՌԴ մուտք գործելու արգելանքը դրվել է դատարանի վճռով(ՌԴ ԴՄԾ-ն իրավասու չէ փոխել դատարանի որոշումը), ապա այդ ցուցանիշը էլ ավելի բարձր կլինի՝ 58,4 տոկոս:

Միգրացիոն պետական ծառայության պետը նաեւ նշել է, որ մայիսի 1-ի դրությամբ իրենք 7651 դիմում են ընդունել, որից 6897-ն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայություն: «Այդ դիմումներից 4976-ի պատասխանն ստացվել է, որից դրական է 1991-ը, ընդ որում 2014թ. ստացված 2517 դիմումից միայն 596-ն է եղել դրական, իսկ այս տարի դրական պատասխանների թիվը հասել է 1305-ի՝ 2479 դիմումից»,-նշեց նա:

«Մեզ դիմել են հազարավոր մարդիկ, օրական մոտ 50-70 նոր դիմում ենք ընդունում: Բոլորին բացատրվում է, թե ինչ փաստաթղթեր են պետք: Շատերն սկսում են զանգահարել ու այցելել, իմանալու իրենց դիմումի պատասխանը: Մենք կարգ ենք սահմանել, որ ՌԴ-ից պատասխանն ստանալուն պես առավելագույնը 3 օրվա ընթացքում տեղեկացնում ենք դիմումատուներին՝ ուղարկելով համապատասխան գրություն: Այնպես որ ես հորդորում եմ այդ խնդրով չայցելել եւ չզանգահարել մեզ»,-նշեց Եգանյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ռուսական կողմը սկսել է ավելի շատ դիմումների դրական պատասխանել,միգրացիոն պետական ծառայության պետը պատասխանեց. «Ռուսաստանի հետ անընդհատ աշխատանքը տալիս է իր դրական արդյունքը: Այս խնդիրը ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մշտական հսկողության տակ է գտնվում: Ես ամեն շաբաթ զեկուցում եմ նրան այդ տվյալները: Ի դեպ, այս հարցերի շուրջ առաջիկայում նախատեսվում է մեր նախարարի հանդիպումը ՌԴ ԴՄԾ տնօրեն Ռամոդանովսկու հետ: Հարկ եմ համարում նշել, որ մեր քաղաքացիների ՌԴ մուտքի արգելանքի վերացման գործընթացում ներառված են նաեւ մարզպետարանները:

ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության եւ ՌԴ դաշնային  միգրացիոն ծառայության (ԴՄԾ) միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՄՊԾ-ն հավաքագրում է ՌԴ  մուտքի արգելքը վերանայելու վերաբերյալ  ՀՀ  քաղաքացիների  դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին եւ փոխանցում  դրանք Ռուսաստանի ԴՄԾ:  Վերջինս դրանք քննարկելով որոշում է կայացնում մուտքի արգելքը բացելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Նշված աշխատանքները սկսել են տարվել 2014թ. մայիսի 28-ից»: