Ավստրալիայում նոր ծառայություն է սկսել գործել, որը բավական անսովոր ծառայություններ է մատուցում:
Ծառայությունները նախատեսված են այն մարդկանց համար, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողանում ինքնուրույն խզել հարաբերություններն իրենց ընկերոջ հետ, ուստի որոշակի գումարի դիմաց դա կարող են անել ծառայությունը ստեղծողները:
Ինչպես հաղորդում է The Verge-ը, նոր ծառայությունն ստացել է «Ներիր, ամեն ինչ վերջացած է» անվանումը: Այն ստեղծել է 37-ամյա ավստրալուհի Քրիսթի Մեզինսը: Հարցազրույցում նա խոստովանել է, որ իրեն երբեք դուր չի եկել հարաբերություններ խզելու նախաձեռնությունը: «Որոշ մարդիկ վախենում են կոնֆլիկտից, ուստի ես ստեղծել եմ ծառայություն, որը կհանի այդ վախը», ասել է Քրիսթին, հաղորդում է Informing-ը:
Քրիսթին իր հաճախորդներին առաջարկում է 5,50 դոլարի դիմաց իր անունից՝ նամակ կամ հաղորդագրություն ուղարկել նրանց զուգընկերոջը եւ հայտնել հարաբերությունները խզելու մասին: Մի փոքր ավելի մեծ վճարի դեպքում՝ զուգընկերը նամակից բացի նաեւ տուփով կոնֆետներ կամ ծաղկեփունջ կստանա:





























