Հայաստանի կրթական համակարգն ավելի ճկուն է դարձել: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4¬րդ ֆորումի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Բոլոնիայի հիմնական նպատակը կոնկրետ մեր երկրի համար բարձրագույն կրթական մակարդակը եվրոպական գիտակրթական ընդհանուր տարածքի մաս դարձնելն է: «Նախկին ԽՍՀՄ կրթական համակարգը շատ բարձր էր, բայց ասել, որ մենք այսօր ավելի ցածր մակարդակի վրա ենք, քան խորհրդային կրթական համակարգն էր, շատ սխալ է: Մենք շատ ավելի առաջ ենք անցել, եւ այստեղ շատ մեծ է Բոլոնյան կրթական համակարգի դերը: Մենք, կախված իրավիճակից եւ ժամանակից, շատ արագ կարողանում ենք փոփոխությունների ենթարկվել»,- ասել է ԵՊՀ ռեկտորը:
Արամ Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի կրթական համակարգը ավելի հասկանալի, թափանցիկ ու վերահսկելի է դարձել, մասնավորապես, ուսանողն ընտրության ավելի մեծ հնարավորություն ունի, քան առաջ: Նրա խոսքով, այս առավելությունները չկային նախկին ԽՍՀՄ բարձրագույն կրթական համակարգում եւ ներկա համակարգն անհամեմատ ավելի լավն է:





























