Հայաստանի հետ փոխհարաբերությունները կարեւոր փորձաքար են դառնում Եվրոպական եւ Եվրասիական միությունների միջեւ: Այս մասին ասված է ֆրանսիական Միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի փորձագետ (IRIS) Լորա Դելկուրի եւ Բիրմինգեմի համալսարանի գիտաշխատող Կատարինա Վոլչիկի գրած համատեղ հոդվածում, որը հրապարակվել է Լոնդոնյան տնտեսագիտության դպրոցի բլոգում:
«Հայաստանին համարում էին Եվրամիության նախաձեռնություններից հետ մնացող երկիր: Թվում էր՝ այն ԵՄ-ին անդամակցության հավակնություններ չունի՝ ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի: Մյուս կողմից, քաղաքական ռեժիմը, որտեղ գերիշխում են օլիգարխիկ խմբերը, դժվար թե ցանկանար այն բարեփոխումները, որոնք պետք էր սկսել: Եվ, վերջապես, Հայաստանի եւ ԵՄ-ի փոխադարձ կախվածությունը՝ ե՛ւ տնտեսության, ե՛ւ անվտանգության առումով, այնքան էլ մեծ չէր՝ ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ Հայաստանը ռազմավարական դաշինք ուներ:
Սակայն Հայաստանը միշտ հակված է եղել ԵՄ-ի ազդեցությանը: Հանրապետությունը վերջին 5 տարիներին Եվրամիության մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ է ընդունել: Հայաստանն անհրաժեշտ բարեփոխումներ սկսեց եւ 2012 թվականի մարտի սկզբին կարողացավ հասնել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբի: ԵՄ պաշտոնյաներն այն «դյուրին» երկիր էին համարում՝ ի տարբերություն Ուկրաինայի եւ Վրաստանի: 2013 թվականի հուլիսին բանակցություններն ավարտվեցին:
ԵՄ առաջարկն այնքանով էր գրավիչ, որ չէր պահանջում (համենայն դեպս՝ սկզբում) քաղաքական բարեփոխումներ, որոնք կարող էին հայկական էլիտային իշխանություն արժենալ:
Բացի այդ, հասկանալի էր, ԵՄ-ի բարեփոխումները չէին խանգարի Ռուսաստանի հետ անվտանգության դաշինքին:
Ամեն դեպքում, այդպիսի համակեցությունը երկար չտեւեց, չնայած սկզբում Ռուսաստանը չէր խոչընդոտում դեպի Եվրամիություն Ռուսաստանի ընթացքին: 2013 թվականին ամեն ինչ կտրուկ փոխվեց: Ռուսաստանին անհանգստացրեց տարածաշրջանում ԵՄ ազդեցության աճը, այն դեպքում, երբ Մոսկվան սեփական ինտեգրացիոն նախագիծն էր սկսել՝ Մաքսային միությունը: Եվ Ռուսաստանի կողմից Հայաստանի պաշտպանական խոցելիության օգտագործումը (օրինակ՝ Ադրբեջանին զենքի զանգվածային վաճառքը եւ էներգիայի սակագինը բարձրացնելու սպառնալիքները) Երեւանին ստիպեցին փոխել որոշումը:
Բայց նույնիսկ կտրուկ շրջադարձից եւ 2015 թվականի հունվարին Եվրասիական միությանն անդամակցությունից հետո, Հայաստանը դեռեւս հետաքրքրված է ԵՄ-ի հետ հետագա մերձեցմամբ: ԵՄ-ն եւ Հայաստանն ավարտում են ապագա համաձայնագրի հիմքերի նախապատրաստումը:
Հայաստանը ԵՏՄ-ին միացավ ոչ այն պատճառով, որ ցանկանում էր, այլ որովհետեւ ստիպված էր՝ անվտանգության եւ տնտեսական նկատառումներից ելնելով: Հայաստանի եւ ԵՄ-ի համաձայնության գաղափարը հետխորհրդային տարածքում ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ գոյակցության կարեւոր փորձաքար է դառնում»:





























