Բոլոնյան գործընթացի անդամ երկրների միջեւ համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության վրա եւ խթանի տնտեսական համագործակցությանը։ Այս մասին մայիսի 15-ին Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում նման բարձր ֆորումների տրամադրած հնարավորությունները։ Այս երկօրյա ֆորումը Բլոնյան գործընթացի ճանապարհի ամենակարեւոր նիշերից մեկն է։ Մենք կարծում ենք, որ այդ նիշը հետագայում կարող է կանխորոշել զարգացման ուղին»,- նշեց Աբրահամյանը։ Վարչապետի խոսքով՝ կրթության ոլորտը պետական կամ կրոնական սահմաններ չի ճանաչում։ «Բոլոնյան գործընթացը զարգացող երկրների համար լավ հնարավորություն է եվրոպական փորձին ծանոթանալու եւ փոխանակման ծրագրերին մասնակցելու համար։ Երեւանի կոմյունիկեում արձանագրվել են մեր ընդհանուր խնդիրները եւ նպատակները»,- եզրափակեց վարչապետը։




























