Stratolys անվանումով շվեդական սիրողական տիեզերագնացների խումբը որոշել է արտասովոր փորձ անցկացնել՝ առաջին անգամ տիեզերք արձակելով շոկոլադե ջնարակով իսկական փքաբլիթ: «Ցանկանում էինք տիեզերք արձակել ինչ-որ բան, որը երբեք այնտեղ չի եղել, այդ պատճառով փքաբլիթ ընտրեցինք»,- ասել է Stratolys խմբի անդամ Ալեքսանդր Յոնսոնը: Փքաբլիթն արձակել են հատուկ զոնդի օգնությամբ:
Ըստ Kedem-ի, փքաբլիթի թռիչքը նկարահանել է զոնդին ամրացված տեսախցիկը: 32 կմ բարձրությունը հաղթահարելուց հետո զոնդը սկսել է կործանվել, իսկ փքաբլիթն ազատ անկմամբ ընկել է արձակման վայրից 137 կմ հեռավորությամբ, լճի մեջ:
Չնայած խմբի հրապարակած տեսանյութում ամեն ինչ շատ պարզ է թվում, նրանք 3 ամիս են ծախսել թռիչքը ծրագրելու եւ 2 շաբաթ՝ այն նախապատրաստելու համար: Բացի այդ, խումբը 1.134 դոլար է ծախսել: Փորձարարները նաեւ նախազգուշացրել են, որ տիեզերք որեւէ առարկա ուղարկելու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ:



























