Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կազդի եւ մատակարարողի, եւ սպառողի վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Նախ եւ առաջ մատակարարողն է իրեն փակուղի մտցնում, քանի որ հոսանքի թանկացման հետեւանքով սպառողների թիվն է նվազելու: Մյուս կողմից սպառողների վրա է ազդելու, մասնավորապես նպաստ ստացող ընտանիքների: Ըստ վիճակագրական տվյալների՝ մեկ ընտանիքի բյուջեի 20 տոկոսը գնում է էլեկտրաէներգիայի ծախսերի վրա: Ստացվում է, որ նպաստը կամ աշխատավարձը չեն բարձրանում, բայց հոսանքն է թանկանում եւ մարդը ստիպված է իր սննդի որակի հաշվին վճարել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը համոզված է, որ հոսանքի թանկացումն անխուսափելի է, սակայն դա պետք է արվի «փափուկ միջոցներով», իսկ պետությունն էլ իր հերթին պետք է փոխհատուցի խոցելի խավին:

Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։