Եվրամիությունն ու Թուրքիան որոշել են տնտեսական երկխոսություն սկսել։ Այս մասին մայիսի 18-ին Բրյուսելում հայտարարել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը։

«Տնտեսական հարաբերությունները բխում են երկու կողմերի շահերից։ Այդ պատճառով մենք որոշել ենք տնտեսական երկխոսություններ վարել»,- մեջբերում է նրա խոսքը ՏԱՍՍ-ը։

Հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը իր հերթին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը դիտարկում է ԵՄ-Թուրքիա մաքսային միության մոդերնիզացումը։ «Ես ընդգծում եմ Եվրամիության եւ Թուրքիայի տնտեսական կապերն ու բարձր մակարդակում դրանց զարգացման անհրաժեշտությունը։ Մենք ուսումնասիրում ենք մեր մաքսային միության կատարելագործման եւ մոդերնիզացման հնարավորությունները»,- նշել է նա։

Նշենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է ԵՄ-Թուրքիա ասոցիացիայի 53-րդ խորհուրդը։