Հայաստանն ու Բելառուսը Ռիգայի գագաթնաժողովում հրաժարվել են ստորագրել ԵՄ ներկայացուցիչների պատրաստած «Արեւելյան  գործընկերության» հայտարարության տեքստը, որում խոսվում է Ռուսաստանի կողմից Ղրիմը անեքսիայի ենթարկելու մասին, գրում է Reuters-ը։

ԵՄ դիվանագետները ստիպված են մշակել տեքստի փոխզիջումային տարբերակը, հայտնել են գործակալության աղբյուրները։

«Բանակցությունները շատ բարդ են եղել»,- գագաթնաժողովի հայտարարության նախագծի քննարկումից հետո հայտարարել է Բրյուսելում ԵՄ ներկայացուցիչը, փոխանցում է Gazeta-ն։

Նա նշել է, որ գագաթնաժողովի հաջողությունը կախված կլինի նրանից, թե ինչպես այն կընդունվի Մոսկվայում։

Ռիգայի գագաթնաժողովում կհանդիպեն ԵՄ, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի արտգործնախարարները։ Գագաթնաժողովի կոմյունիկեն կհրապարակվի մայիսի 22-ին։