Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2011թ. ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի ջրծաղիկ հիվանդությունից մահվան գործը կրկին կքննվի առաջին ատյանի դատարանում: Մայիսի 21-ին նման որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը:

Դատարանը բեկանել է առաջին ատյանի կայացրած որոշումը եւ գործն ուղարկել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Նշենք, որ փետրվարի 5-ին առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել քրեական գործի վարույթը կարճել համաներման մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման համաձայն:

Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով` ՀՀ ՔՕ  376 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը), մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ, գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին և նույն հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին: