Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) վենչուրային շուկաների միասնական շուկա է անհրաժեշտ: Այս մասին Աստանայում կայացած VIII տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

ԵՏՀ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ԵՏՄ երկրներում փոքր եւ միջին բիզնեսը շուկայի ամենից ռիսկային գոտիներում է եւ, բնականաբար, ռիսկային ֆինանսավորման աղբյուրների կարիք ունի:

ԵՏՄ երկրներում պետական վենչուրային ռազմավարությունը հիմնականում ուղղված է նորարարական նախագծերին, սակայն սովորական ձեռներեցները նույնպես դրա կարիքն ունեն: Դրա շնորհիվ բիզնեսը հենց սկզբից կուղղվի դեպի արտաքին շուկա եւ արժեթղթերի շուկա:

2013 թվականի տվյալների համաձայն, Եվրամիությունում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը կազմում է վարկային ընդհանուր պորտֆելի գրեթե 24%-ը: Իսկ ԵՏՄ երկրներում այդ թիվը շատ ավելի ցածր է: Այսպես. Ռուսաստանում՝ 22.3%, իսկ, օրինակ, Հայաստանում՝ 10.1%:

«ԵՏՄ տարածքում հնարավոր է ռիսկային ֆինանսավորման միասնական շուկա կառուցել՝ փոքր եւ միջին բիզնեսի համար ավելի լայն հասանելիություն ապահովելով դեպի ֆինանսական ռեսուրսներ: Դա առաջին գործնական քայլը կլինի ֆինանսական շուկաների ինտեգրման ճանապարհին՝ կարգավորիչների համար նվազագույն ռիսկերով»,- նշեց Մինասյանը: