Վստահ եմ, որ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագիրը կունենա այն ձեւակերպումը, որը կբավարարի բոլորին։ Այս մասին մայիսի 22-ին՝ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց  ԵՄ հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հանձնակատար Յոհանես Հանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանը հռչակագիրն ընդունել է որոշակի վերապահումներով։

«Ես չեմ ուզում հիմա խոսել այդ մասին, քանի որ այս պահին բանակցություններ են ընթանում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ԵՄ  «Արեւելյան գործընկերության» անդամները պետք է հասկանան, որ դա վարժություն է։ «Անհրաժեշտ է փոխհամաձայնություն գտնել եւ հնարավորինս միասնական լինել։ Տարբերակված մոտեցումը նույնպես համապատասխանում է անդամ երկրների շահերին»,- նշեց Հանը՝ հավելելով, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրի հեռանկարը կարեւոր առաջնայնություններն են։

ԵՄ արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մողերինին իր հերթին նշել է, որ յուրաքանչյուր անդամ երկրի հետ գործընկերությունը կարեւոր նշանակություն ունի ինչպես ԵՄ-ի այնպես էլ այդ երկրներից յուրաքանչյուրի հետ։