Արցախի Հանրապետության  վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս համայնքներ եւ ծանոթացել տեղերում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին:

Արայիկ Հարությունյանը նախ այցելել է Թալիշի եւ Մատաղիսի դաշտեր, որտեղ  մշակում է իրականացվում նաեւ կոոպերացիոն սկզբունքով: Ծանոթանալով աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում կատարված աշխատանքներին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ընթացիկ արդյունքներից: Ա. Հարությունյանը հետաքրքրվել է առկա խնդիրներով՝ տեղում տալով համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ:

Այցի շրջանակներում վարչապետը եղել է նաեւ Մատաղիսում շվեյցարահայ գործարարի միջոցներով կառուցվող՝ սեւ խավիարի արտադրության համար նախատեսված ձկնաբուծարանում, որտեղ ձկնկիթի առաջին խմբաքանակն ընդունելու համար վերջին աշխատանքներն են կատարվում: «Շուտով կմեկնարկի Արցախի տնտեսության հավակնոտ ծրագրերից մեկը, որն ընդգրկելու է տասնյակ միլիարդավոր դրամ ներդրումներ: Հատկանշական է, որ նմանատիպ խոշոր ծրագիրը կառավարության աջակցությամբ իրագործվում է սահմանամերձ բնակավայրում՝ խթանելով շրջակա գյուղերի արագ եւ կայուն զարգացումը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Վարչապետին ուղեկցում էին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության»  հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: