Հայաստանի զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունիսի 6-ին ավարտվեցին բանակային զորամիավորումների եւ ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Արդյունքներն ամփոփել է զորավարժությունների ղեկավար, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Մասնակցել են ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների հրամանատարներ, այլ բարձրաստիճան զինվորականներ: Զորավարժությունների ընթացքում զորամիավորումները ըստ իրենց նշանակության օպերացիոն ուղղությունների իրականացրել են պաշտպանական եւ հակահարձակողական օպերացիաների նախապատրաստում, վարում:

Բանակային զորամիավորումների եւ ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտից հետո բարձր մակարդակով անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ:

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել գերատեսչական կառույցների, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ փոխգործակցության աստիճանի ամրապնդմանը, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների եւ զորավարժություններին ներգրավված պաշտոնատար անձանց միջեւ համակողմանի ապահովումների կազմակերպմանը, զորամիավորումների, հրամանատարների եւ շտաբների գործնական ունակությունների ստուգմանը, ստորաբաժանումների միջեւ ներդաշնակման ու փոխգործակցության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաեւ՝ մարտական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններին վարժվածության մակարդակի կատարելագործմանը:

Զորավարժությունների արդյունքներն առավել մանրակրկիտ կվերլուծվեն առաջիկա օրերի ընթացքում, որոնց հիման վրա կորոշվեն հետագա անելիքները՝ դրանք զինված ուժերում կիրառելու նպատակով: