Քալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքի ոստիկանները ձերբակալել են Քալիֆորնիայի երկու բնակիչների՝ 42-ամյա Մայք Վարդապետյանին Փասադենայից, եւ 37-ամյա Գրիգոր Սուքիասյանին Գլենդելից, որոնք մեղադրվում են բանկային քարտերի խարդախության մեջ։
Keyt հեռուստաալիքի փոխանցմամբ, նրանց ձերբակալել են հենց այն պահին, երբ հանում էին հաշվիչ սարքը Chase-ի բանկոմատի միջից։ Բանկի աշխատակիցը զանգահարել էր ոստիկանություն, հայտնել, որ 3307 State Street հասցեում գտնվող երկու բանկոմատների վրա փոքրիկ տեսախցիկներ եւ սքիմինգի սարքեր են հայտնաբերվել։ Դրանից հետո ոստիկանները սկսել էին հետեւել կասկածյալներին։
Ոստիկանության սերժանտ Ռայլի Հարվուդի խոսքով, իրենք կասկածներ ունեն, որ երկու կասկածյալները այլ հանցագործություններ էլ են կատարել Հարավային Քալիֆորնիայի տարածքում։ Սուքիասյանն ու Վարդապետյանը տեղափոխվել են Սանտա Բարբարայի բանտ, եւ նրանց համար 250 հազարական դոլար գրավ է նշանակվել։
Նշենք, որ սքիմինգը շարժական սարքի միջոցով բանկային քարտից տեղեկությունները արտատպելու հանցավոր գործողությունն է։





























