NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Freedom House» կազմակերպության կայքում հրապարակված՝ Եվրասիական ծրագրի աշխատակից Թամարա Գրիգորեւայի հոդվածը:
Մինչ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է Բաքվում հունիսի 12-ից մեկնարկած Եվրոպական առաջին խաղերի անցկացմանը, այն հույս ունի հարստության եւ միջազգային հեղինակության ցուցադրման ճանապարհով քողարկել իր բռնակալական կառավարման ռեժիմը: Սակայն տնտեսական աճի տեմպերի նվազման պարագայում այդ խնդիրն ավելի դժվար է դառնում:
Եվրոպական խաղերը, ինչպես եւ 2012 թվականի «Եվրատեսիլ»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավերժ հարստության պետական առասպելի շրջանակում են: Սակայն երբ Ալիեւը խաղերի անցկացման հայտ էր ներկայացնում, նավթի գների անկում չէր սպասում:
Չնայած 2014 թվականի դեկտեմբերին նախագահը կանխատեսեց, որ նավթի գների անկումը չի ազդի Ադրբեջանի տնտեսության վրա, երկրի Կենտրոնական բանկը փետրվարի 21-ին տեղական արժույթը տատանում էր 33.5%-ով: Մարտին ադրբեջանական իշխանությունները հայտարարեցին, որ հարկավոր է վերանայել 2015թ. պետբյուջեն, եւ շատ շինարարական ծրագրեր դադարեցվեցին:
Չնայած նման ճնշմանը՝ Ադրբեջանը չի կարող հրաժարվել Եվրոպական խաղերից, բայց դժվար թե դրանից շատ օգուտ ստանա: Ծախսերը փակելու համար կառավարությունը փորձում է էներգետիկ ոլորտից էլ այն կողմ նայել:
Եվրոպական խաղերն անցկացվում են անկախ Ադրբեջանի պատմության մեջ քաղաքացիական հասարակության վատագույն ճնշումների պայմաններում: Բայց երբ տոնն ավարտվի եւ միջազգային ուշադրությունը թուլանա, Ադրբեջանը նախկինի պես իր խնդիրների գերին կդառնա: Քանի որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում հասարակության դժգոհությունն աճում է, կառավարությունը, ամենայն հավանականությամբ, բռնաճնշումների նոր փուլ կսկսի:
Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը դիմելու ոչ մի տեղ չունի՝ բացի միջազգային հանրությունից: Աշխարհի ժողովրդավար պետությունները պետք է որոշեն, պե՞տք է, արդյոք, անտեսել ադրբեջանական ճգնաժամը եւ, չնայած բոլոր ապացույցներին, շարունակել հույս ունենալ, որ ամեն ինչ լավ կլինի, թե լրջորեն զբաղվեն ռեժիմով, որն ավելի ու ավելի բռնակալ եւ անկայուն է դառնում:





























