Վիեննայի «Հայաստան» կենտրոնում հունիսի 14-ին տեղի է ունեցել համերգ Երեւանի Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցի երեխաների երգչախմբի մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը եւ Գրաց քաղաքի հայ համայնքը:
Համերգին ներկա էին ավստրիական երաժշտական եւ հասարակական կառույցների, լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգի մեկնարկն ազդարարել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, որը ողջունել է երգչախմբի մասնակիցներին ու երեխաներին ուղեկցող ուսուցիչներին եւ հույս հայտնել, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կխթանի հայ մշակույթի ճանաչողությանն արտերկրում: Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել Կենտրոնական Եվրոպայում եւ Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը եւ երգչախմբի համերգների համադրող-կազմակերպիչ, երաժիշտ Գայանե Միրզոյանը:
Տեղի ունեցած համերգի ընթացքում երեխաների երգչախումբն ու դպրոցի մենակատար-սաները կատարել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Շաքարյանի եւ Շուբերտի ստեղծագործությունները:





























