«Օսկար» մրցանակ արժանացած դերասան Քրիստիան Բեյլը եւ «Օսկար»-ի առաջադրված դերասան Օսկար Այզեկը պատրաստվում են նկարահանվել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում, որը նախաձեռնել էր միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը՝ վկայակոչելով showbiz411.com-ին:

Հաղորդվում է նաեւ, որ «Հյուրանոց «Ռուանդա»»-ի հեղինակ Թերրի Ջորջը ֆիլմի ռեժիսորն է լինելու: Այն պատմում է փայլուն բժիշկ-ուսանող Միքայելի, գեղեցիկ Աննայի եւ Փարիզում աշխատող ամերիկյան հայտնի լրագրող Քրիսի միջեւ սիրային եռանկյունու մասին:

Բեյլը հանդես կգա Քրիսի դերում, որը սիրահարված է ե՛ւ գեղեցիկ կնոջը, ե՛ւ Առաջին աշխարհամարտի ժամանակ ռազմական գործողությունների թեժ գոտում գտնվելու վտանգին: Այզեկը հանդես կգա Միքայելի դերում, որը սիրում է նույն կնոջը, սակայն հին աշխարհի ավանդույթների եւ նրա սրտի միջեւ կոնֆլիկտ կա:

Հայոց ցեղասպանության թեման մոտ է Թերրի Ջորջին, որը 2013 թվականի մարտին այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարան: Այստեղ ելույթի ընթացքում իռլանդացի ռեժիսորը Հայոց ցեղասպանությունը համեմատել է 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության հետ, որի մասին նա պատմել է 2004 թվականին թողարկված եւ «Օսկար»-ի առաջադրված իր «Հյուրանոց «Ռուանդա»» ֆիլմում: