Հունիսի 27-ից հուլիսի 5-ն արդեն 2-րդ անգամ Երեւանում եւ մարզերում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը:
Նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձեւաչափ: Փառատոն, որի նպատակը ոչ միայն հոգեւոր, ասելիք ունեցող համաշխարհային կինոնմուշների ցուցադրությունն է, այլեւ դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ եւ ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:
Այս տարի փառատոնի ծրագրում ներառված են նաեւ լուսանկարների ցուցահանդեսը եւ ավազանկարչական շոուն, որոնք Կարապի լճի տարածքում դիտելու հնարավորություն կունենան բոլորը:
Հայաստան բերված ֆիլմերը դուրս կգան կինոդահլիճներից ու բառի բուն իմաստով կմտնեն փողոց: Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները 9 օր շարունակ կդառնան հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին կփոխարինեն հատուկ բարձերը, իսկ փառատոնի տեղացի եւ օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ, ժամանակավորապես կդառնան նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:
Փառատոնի մի մասը կանցկացվի Երեւանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարային կինոարշավների:
Վրաններ, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ: Այս տարի եւս փառատոնն ունենալու է մրցութային եւ ոչ մրցութային ծրագրեր: Մասնակցում են խաղարկային եւ վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձեւաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական եւ ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետեւանքով ծագած էկոլոգիական աղետներն ու... քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն եւ համամարդկային այլ արժեքներ:
Փառատոնը առանձնակի նշանակություն է տալիս նաեւ սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ
«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլեւ ակտիվորեն կներգրավվեն Ֆրեսկոյի կազմակերպչական աշխատանքներում:





























