Արգենտինայում բացվել է մարդու իրավունքների թեմայով միջազգային 16-րդ կինոփառատոնը, որի բաժիններից մեկը նվիրված է Հայաստանին: Այն անցկացնում է «DerHumALC» ինստիտուտը՝ մի շարք կազմակերպությունների աջակցությամբ:
Prensa Armenia գործակալության փոխանցմամբ, փառատոնի բաժիններից մեկում ցուցադրվելու են «Աշխարհ առանց տղամարդկանց», «Արարատից այն կողմ», «Հիշողություններ առանց սահմանների» եւ «Թեւանիկ» հայկական ֆիլմերը:
Բուենոս Այրեսի Հայ դատի գրասենյակի ղեկավար, փառատոնի ժյուրիի անդամ Կարոլինա Կարագյոզյանի խոսքով, Հայաստանի հետ կապված ֆիլմերը «նյութեր են, որոնք ցույց են տալիս Ցեղասպանության ընթացիկ հետեւանքները, որը նույնիսկ այսօր՝ հարյուր տարի անց, անպատիժ է մնում եւ մշտապես հերքվում է այն իրականացնողի՝ թուրքական պետության կողմից, վերջին տարիներին նաեւ աջակցություն գտնելով իր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի կողմից»:
Կինոփառատոնի բացման արարողությանը մասնակցել են մարդու իրավունքների հայտնի պաշտպաններ, այդ թվում՝ դատավոր Դանիել Ռադեկասը, Արգենտինայի դերասանների ասոցիացիայի նախագահ, դերասանուհի Ալեխանդրա Դարինը, Բուենոս Այրեսի մարդու իրավունքների եւ մշակութային բազմազանության հարցերի քարտուղարի տեղակալ Կլաուդիո Ավրուխը, Արգենտինայի Մարդու իրավունքների քարտուղարության անդամ Կառլոս Պիսոնին եւ այլք:





























