Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, այսօր՝ հուլիսի 7-ին, նախատեսված նիստում Հայոց ցեղասպանության ճանաճման վերաբերյալ 4 տարբեր  բանաձեւերի նախագծեր են քննարկվելու, որոնք ներկայացրել են տարբեր կուսակցություններ: Այս մասին հաղորդում է բելգիական  «RTBF» հեռուստառադիոընկերությունը:

Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի Twitter-յան էջի փոխանցմամբ նիստն արդեն սկսվել է:

Խորհրդարանական մեծամասնությունը իր նախագիծն է ներկայացրել արտահերթ քննարկման, որը ցանկանում է, որ բանաձեւը խորհրդարանն  ընդունի  նախքան ամառային արձակուրդները՝ հուլիսի 21-23-ին:

Սակայն բանաձեւի իրենց նախագծերն են ներկայացրել նաեւ «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունը, Սոցիալիստական կուսակցությունը եւ «Ֆլամանդական շահ» կուսակցությունը:

Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ստեֆան Քրյուզները նիստում հայտարարել է. «Մենք միշտ ասել ենք, որ դա ցեղասպանություն է: Մենք չենք ուզում պիտակավորել համայնքը, այլ ուզում ենք աշխատել հաշտության ուղղությամբ»:

Մեկ այլ պատգամավոր՝ Օլիվյե Մենգենը ափսոսանք է հայտնել, որ Բելգիայի ղեկավարները ներկա չեն եղել Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Նշենք, որ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հունիսի 18-ին երկրի Ներկայացուցիչների պալատում իր կառավարության անունից ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը հատուկ բանաձեւով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին: