Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 7-ին, իր նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել: Այս մասին հայտնում է «Հանուն արդարության եւ ժողովրդավարության» Եվրոպական հայկական ֆեդերացիան:

Ընդունվել է խորհրդարանական մեծամասնության ներկայացրած բանաձեւը:

Քննարկումներից հետո մեծամասնության անդամների մասնակցությամբ տեքստն ընդունվել է, բայց ոչ միաձայն: Սոցիալիստական կուսակցությունը, «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունը եւ «Էկոլո»-ն ձեռնպահ են քվեարկել:

Ընդդիմության առաջարկած փոփոխությունները իշխող մեծամասնությունը մերժել է:

Խորհրդարանական մեծամասնությունը իր նախագիծն է ներկայացրել արտահերթ քննարկման, որը ցանկանում է, որ բանաձեւը խորհրդարանն  ընդունի  նախքան ամառային արձակուրդները՝ հուլիսի 21-23-ին:

Սակայն բանաձեւի իրենց նախագծերն են ներկայացրել նաեւ «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունը, Սոցիալիստական կուսակցությունը եւ «Ֆլամանդական շահ» կուսակցությունը:

Նշենք, որ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հունիսի 18-ին երկրի Ներկայացուցիչների պալատում իր կառավարության անունից ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները, որոնք նախաձեռնել էր Օսմանյան Կայսրության վերջին կառավարությունը, պետք է որոկվեն որպես ցեղասպանությունը»,-ասել էր Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը հատուկ բանաձեւով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին: