«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը: Նա նաեւ հերքել է խոսակցություններն այն մասին, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին արդեն փոխարինող են փնտրում:

Մեկնաբանելով ՀԷՑ-ի սեփականատեր հանդիսացող ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերության վարչության նախագահ բորիս Կովալչուհի հայտարարությունը, Սարջանյանը պարզաբանել է, որ այդ հայտարարությունը ընդհանուր բնույթ է կրել: «Պարոն Կովալչուկը ընդամենը հայտարարել է, որ «Ինտեռ ՌԱՕ»- ընկերությունը պատրաստ է գնել ու վաճառել ցանկացած ակտիվ համապատասխան գնով: Կոնկրետ ՀԷՑ-ի շուրջ բանակցություններ չեն ընթանում»,-հայտարարել է նա: