Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ մղվող շարժումը չի մարել, այլ անկում է ապրել երիտասարդների անփորձության հետեւանքով: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Շատ գեղեցիկ ու անսպասելի շարժում էր, պետք չէ գնահատականներ տալ, թե երիտասարդներն ինչն են ճիշտն արել եւ ինչը՝ սխալ: Նրանց համար դժվար էր, դեռ անփորձ էին, բայց երիտասարդները մատ արեցին իշխանություններին եւ բոլորիս: Եկեք չասենք, որ այս շարժումը մարել է, այն ուղղակի անկում է ապրել»,-ասաց Իշխանյանը:

Իրավապաշտպանն անդրադառնալով հունիսի 23-ի Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողություններին, նշեց, որ իրենց Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ցուցարարներին բռնության ենթարկելու վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ ոստիկանների գործողությունները որակել են անհամաչափ. «Ոստիկանության գործողությունները պարզապես վայրենություն էին եւ հակասում էին խաղաղ հավաքների նորմերին»:

Ավետիք Իշխանյանը Բաղրամյան պողոտայից հուլիսի 6-ին, ցուցարարներին բերման ենթարկելու գործողությունները համաչափ եւ զուսպ գնահատեց՝ ավելացնելով, որ ոստիկանները քաղաքական որոշմամբ են ցուցարարների նկատմամբ բարեկիրթ գտնվել:

«Նրանք միայն մինչեւ ոստիկանական մեքենաներն են իրենց զուսպ պահել, ունենք տվյալներ, որ ցուցարարների նկատմամբ ոստիկանական մեքենաներում ուժ են կիրառել»,-ասաց նա: