Անհրաժեշտ է ղեկավարվել գործող կանոններով եւ ոչ թե դեմագոգիայով զբաղվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, հայտարարեց հանձնաժողովի  նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ քննարկելով «Հայաստանի էլեկտրական ցանցերին» վերաբերող հարցերը։ Քննարկման արդյունքում նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգի խախտման համար, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը` հանձնաժողովը որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կիրառել տուգանքներ՝ ընդհանուր 60 մլն ՀՀ դրամի չափով: Վերին Անտառային համատիրության նախագահ Վիգեն Արաբյանի խոսքով՝ իր բաժանորդները միացմանը սպասում էին տարուց ավել։

Մասնավորապես, ընկերությունը չի միացրել  նոր բաժանորդներին, եթե նրանք միացման վճարից բացի չեն վճարել ծառայության ողջ արժեքի կանխավճարը։ ՀԷՑ-ը խոստացել էր 5 տարվա ընթացքում կանխավճարը վերադարձնել էլեկտրաէներգիայի հաշվից գումարը դուրս գրելով։

Դրան ի պատասխան՝ ընկերության իրավաբան Հովհաննես Պետրոսյանը խնդրել է երկարաձգել հարցի քննարկումը, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա բաժանորդների բողոքներով նոր փաստեր ներկայացնել։ «Դուք առանց այդ էլ բավական ժամանակ եք ունեցել։ Իսկ այն մասին, որ դուք նոր փաստեր ունեք, չգիտես ինչու հիմա եք հիշել։ Իսկ բաժանորդները սպասում են։ Պետք է ուղղակի հետեւել կանոններին եւ միացնել բաժանորդներին եւ ոչ թե դեմագոգիայով զբաղվել»,-ասաց Նազարյանը։