Ազատության հրապարակում հոսանքի թանկացման դեմ բողոքի արդեն 3-րդ օրը հացադուլ անցկացնող ակտիվիստ, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը «Ոչ թալանին» նախաձեռնության  անդամիներին կոչ է անում մոռանալ բոլոր տարաձայնությունները  եւ հինգշաբթի օրը մասնակցել Ազատության հրապարակում հրավիրված հավաքին: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:

«Կոչ եմ անում հաշվի առնել, որ խնդիրն է կարեւոր, ոչ թե մեր անձնական փոխհարաբերությունները: Եթե մեկը մյուսի հետ խնդիր ունի, դա պետք է երկրորդվի եւ տեղափոխվի այս հրապարակներից դուրս: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները գալիս զորակցություն են հայտնում ինձ, բայց պետք չի զորակցություն հայտնել, ես չունեմ  դրա կարիքը, դրա կարիքն ունի ժողովուրդը»,- ասաց նա:

Դավիթ Սանասսարյանը նշեց, որ հինգշաբթի օրը կայանալիք հավաքին ակնկալում է, որ մարդիկ 1 միասնական որոշում կկայացնեն եւ երթ կլինի:

Նա հիշեցրեց, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում եւ իրենք չեն ցանկանում բախումների գնալ ոստիկանների հետ:

Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի առաջին օրերին շարժումը ղեկավարում էր «Ոչ թալանին»  նախաձեռնությունը, որը նախագահի  հայտարարությունից հետո Բաղրամյան պողոտայից տեղափոխվեց Ազատության հրապարակ: Բաղրամյանում  նստացուկյցի մասնակիցները չմիացան «Ոչ թալանին»  նախաձեռնությանը եւ Բաղրամյանում ձեւավորվեց նոր նախաձեռնող խումբ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել:  Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում: