Լեռնային Ղարաբաղը դյութիչ վայր է, որտեղ հիանալի մարդիկ են ապրում։ Եվ երջանիկ են այն հայերը, որոնք նման հայրենիք ունեն, նման պատմություն, նման գեղեցկություն։ Այս մասին «ՌԵՆ TV»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է գործարար Գերման Ստերլիգովը՝ բացահայտելով Ռուսաստանից հանկարծակի հեռանալու գաղտնիքը։
Գործարարը պատմել է, թե որքան զարմանահրաշ վայր է Լեռնային Ղարաբաղը։ «Ես շրջել եմ աշխարհով մեկ եւ նման վայր չեմ տեսել ոչ մի տեղ։ Նման բարեբեր հող եւ որ ամենակարեւորն է, նման մարդկային հարաբերություններ՝ բարի եւ սրտաբաց։ Այստեղ առհասարակ ագրեսիա չկա»,- ասել է նա։
Ընդ որում, Ստերլիգովը դիմել է նաեւ ՌԴ քաղաքացիներին. «Եթե հիմա ինձ դիտում են ռուսաստանցիները, ձեզ դա անհնար է բացատրել։ Ոչ միայն հյուրերին, քանի որ ինձ լավ են վերաբերվում որպես հյուրի, այլ միմյանց նրանք հիանալի են վերաբերվում։ Դա հասկանալու համար պետք է լինեք այստեղ։
Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ բերել իմ երեխաներին, քանի որ ես նրանց պատմել եմ, թե տեսականում ինչպես պետք է մարդիկ վերաբերվեն միմյանց, քանի որ, ցավոք սրտի, ժամանակակից Ռուսաստանում իրականում դա տեսնել հնարավոր չէ։ Իսկ Լեռնային Ղարաբաղում դա կա։ Այստեղ նրանք կարող են դա տեսնել։ Սա շատ կարեւոր դաս է նրանց համար»։
Ամփոփելով իր խոսքը՝ ռուս գործարարը եւս մեկ անգամ նշել է, թե որքան է հիացած այն վայրով, որտեղ նա հիմա գտնվում է. «Այնպես որ, եկե՛ք Լեռնային Ղարաբաղ, որպեսզի հասկանաք, թե ինչի մասին եմ ես խոսում։ Սա յուրահատուկ վայր է աշխարհում։ Սա հնագույն մարդկային հարաբերությունների աղբյուր է, որը պահպանել է հայ ժողովուրդը»։




























