ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հռչակագիր է ընդունել, որի որոշ դրույթներ կրում են բացահայտ միակողմանի կանխակալ մոտեցում:
«Հելսինկյան հռչակագիրը» որն ընդունվել է ԵԱՀԿ ԽՎ 24-րդ ամենամյա նստաշրջանում, մասնավորապես, պարունակում է կետեր, որտեղ կազմակերպության սկզբունքները սուբյեկտիվորեն են ներկայացված:
Մասնավորապես, սառեցված հակամարտությունների լուծմանը վերաբերող կետում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է «սառեցված հաամարտությունների լուծման որոնումներին Վրաստանում (Հարավային Օսիա եւ Աբխազիա), Մոլդովայի Հանրապետությունում (Մերձդնեստր) եւ Ադրբեջանում (Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ)»:
Բացի այդ, ԵԱՀԿ ԽՎ-ն «կրկին հաստատում է հակամարտությունների հետեւանքով Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի բնակչության նեղահանված խմբերի իրենց տները վերադառնալու անքակտելի իրավունքը՝ անվտանգության եւ արժանապատվության հարգման պայմաններում, նաեւ ընդգծում է նրանց շուտափույթ վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը»:
Հատկանշական է, որ այդ կետում ոչինչ չի ասվում փախստականների մասին, որոնք «սառեցված հակամարտությունների» հետեւանքով ստիպված են եղել լքել իրենց տները, նաեւ կորուստների մասին, որը կրել է հակամարտության մյուս կողմը:
Այսպիսով, ԵԱՀԿ կառույցը, որը միակն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունի, սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել՝ կասկածի տակ դնելով ընդհանուր առմամբ կառույցի անաչառությունն ու չեզոքությունը:





























