Անկարան Թայլանդի կառավարությանը դատապարտել է ույգուր փախստականներին Չինաստան արտաքսելու համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:
Անհայտ անձանց կողմից Թայլանդ փոխադրված ավելի քան 300 ույգուրներին անցյալ տարի հայտնաբերել էին երկրի հարավում, որտեղ նրանց կաուչուկի տնկադաշտերում որպես ստրուկ էին պահում: Իշխանությունները հայտնաբերված ույգուրներին փոխադրել են փախստականների ճամբարներ եւ նրանց արտաքսման շուրջ բանակցություններ սկսել Թուրքիայի եւ Չինաստանի հետ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ Թայլանդի կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր 97 ույգուր փախստականներին Չինաստան արտաքսելու մասին: Պարզվել է, որ եւս 173 ույգուրներ Թուրքիայի քաղաքացիներ են եւ այդ երկիր են ուղարկվել հուլիսի սկզբին:
«Մեծ ափսոսանքով իմացանք, որ Թայլանդի իշխանությունները 115 ույգուրների երրորդ երկիր են (Չինաստան - խմբ.) ուղարկել: Քննարկում ենք այդ որոշումը, որը ոտնահարում է մարդու իրավունքները: Այն ընդունվել է՝ չնայած որոշումից հրաժարվելու մեր կոչերին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:
Մինչ այդ, գիշերը հարձակում է իրականացվել Ստամբուլում Թայլանդի պատվավոր հյուպատոսության վրա: Ամբոխը մեղադրանքներ է հնչեցրել Թայլանդի հասցեին՝ կապված փախստականների արտաքսման հետ: Հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն հյուպատոսության գույքը վնասվել է:





























