Լիբանանի մայրաքաղաքում քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանն ուղղված հակակառավարական բողոքի ակցիա է ընթանում։ Ակցիան կազմակերպել են Ազատ հայրենասերների շարժման ակտիվիստները։ Լիբանանի քրիստոնյաների այս խոշոր միության ղեկավար Միշել Աունը Թամամ Սալյամի կառավարությանը մեղադրել է նախագահական լիազորությունների բռնազավթման մեջ։

Բեյրութի կենտրոնում հավաքված ակտիվիստները փորձել են ներխուժել կառավարության պալատ, սակայն նրանց հետ են պահել զինվորականներն  ու ժանդարմները։

Ցույցի պատճառը Լիբանանում հանրապետության ղեկավարի ընտրության շուրջ շարունակվող ճգնաժամն է։ Այդ պաշտոնը թափուր է անցյալ տարվա մայիսի 25-ից, երբ նախագահական նստավայրը լքեց Միշել Սուլեյմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Շարժումն այդ պաշտոնին առաջարկում է իր առաջնորդին՝ 80-ամյա Աունին, ով համարվում է ամենահանրահայտ քրիստոնյա քաղաքական գործիչը։

Վարչապետը, որը սահմանադրության համաձայն, ժամանակավորապես իրականացնում է նախագահի լիազորությունները, հայտարարել է, որ չի պատրաստվում ենթարկվել փողոցային շանտաժին։