Ազատության հրապարկը, որտեղ այսօր՝ ժամը 19:00-ին, հրավիրված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան, շրջապատված է մեծ թվով ոստիկաններով: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանական ուժերը կենտրոնացած են Ազատության հրապարակի բոլոր ելքերի մոտ:

Հավաքը հրավիրած, հացադուլավոր Դավիթ Սանասարյանը NEWS.am-ի հետ զրույցում դրական որակեց ոստիկանների մեծաքանակ լինելը:

«Լավ լուր է: Դա նշանակում է, որ այստեղ հավաքված 200 քաղաքացիներից նրանք սարսափում են»,-ասաց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ հավաքի ընթացքում կորոշվի՝ իրենք երթով Ազատության հրապարակից կշարժվեն Բաղրամյան պողոտա, թե ոչ:

Այս պահին Ազատության հրապարակում մեծահասակ քաղաքացիներ են հիմնականում հավաքված: Հրապարակում են նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ինքը խնդրել է փոխոստիկանապետին չխոչընդոտել իրենց երթին: Վալերի Օսիպյանը խոստացել է այդ մասին տեղեկացնել իր վերադասներին:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ տեւած նստացույցից հետո հուլիսի 6-ին ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան: Ցուցարարները, որոնցից 40-ից ավելին բերման ենթարկվեցին, նստացույցը տեղափոխեցին Ազատության հրապարակ: Նրանք այսօր հավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո հնարավոր է երթ:

Նշենք, որ դեռ օրեր առաջ ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել Ազատության հրապարակից երթ անցկացնել՝ պատճառաբանելով, որ այն նախապես արտոնված չէ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am