Վարդավառին հաջորդող երկուշաբթի օրը՝  հուլիսի 13-ը,  մասամբ է լինելու  ոչ աշխատանքային Մեռելոց, իսկ մի շարք կառույցներ, այդ թվում՝ Կադաստր, ԴԱՀԿ, բանկեր, Անձնագրային եւ վիզաների վարչություն կաշխատեն սովորականի պես: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից:

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ ՀՀ տոների օրերի, ինչպես նաեւ ազգային տաղավար տոների եւ դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` ՀՀ կառավարությունը որոշել է 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր: Աշխատանքային օրերը տեղափոխելու կապակցությամբ նիստի ընթացքում հնչել են մի շարք փաստարկներ՝ արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաեւ գործարար հատվածի համար առաջացող տարբեր խնդիրների հետ կապված: Հարցի վերաբերյալ ներկայացվել են նաեւ առաջարկություններ:

Արձագանքելով` վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հարցի առնչությամբ կիսում է տնտեսվարողների մտահոգությունները եւ հանձնարարել Դավիթ Հարությունյանին՝ խորհրդարանական քաղաքական ուժերի, Հայ Առաքելական եկեղեցու եւ գործարար աշխարհի հետ քննարկել հարցը՝ առաջիկայում միասնական մոտեցում ձեւավորելու նպատակով:

Հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին եւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը: Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը եւս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:

Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում երկու հարց էր:  Դրանցից մեկը գաղտնի հարց է եղել, որը ներկայացրել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, իսկ երկրորդը վերաբերել է երկուշաբթի օրվա Մեռելոցին: