Այս տարի ամենաշոգ ամառը չէ, պարզապես հուլիսն ավելի շոգ է, բայց միայն երեկ է գրանցվել 40 աստիճան ջերմություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է մեքենաներում սարքերի արձանագրած ջերմաստիճանին, Զարուհի Պետրոսյանն ասաց, որ ջերմաստիճանը չափվում է 2 մետր բարձրության վրա, գետնի մակերեւույթին ջերմաստիճանը շատ ավելի բարձր է, իսկ մեքենաների մեջ գտնվող սարքը գետնին շատ մոտ է գտնվում, հետեւաբար՝ ավելի բարձր ջերմաստիճան է արձանագրում, քան այն, ինչը չափում եւ հաղորդում է Հիդրոմետը: Զարուհի Պետրոսյանը շեշտեց, որ դա օդի ջերմաստիճանը չէ, ամբողջ աշխարհում ջերմաստիճանը չափելու ստանդարտներ կան, որոնցով էլ իրենք առաջնորդվում են:
«Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների կենտրոնի ղեկավարը նշեց, որ Հայաստանում այս տարի 42, 43 աստիճան չի գրանցվել, ընդամենը հուլիսի 10-ին եղել է 40 աստիճան, իսկ այսօր արդեն ջերմաստիճանը իջել է 2-3 աստիճանով: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել, ամենացածրը սպասվում է հուլիսի 13-ին՝ 35 աստիճան: Հուլիսի 14-ին եւ հուլիսի 15-ին օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ մինչեւ 37, 38, 39, իսկ հուլիսի 16-ից կսկսի նորից նվազել:
Զարուհի Պետրոսյանը նշեց նաեւ, որ Հայաստանում ամենաշոգ ամառը եղել է 2000թ, 2006թ, 2011թ, 2013թ, ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2011թ՝ 43, 87: Թե ինչքանով է շոգ այս ամառը, պարզ կլինի ամռան ավարտից հետո, երբ ընդհանուր ամփոփում կարվի, բայց այս պահի դրությամբ այն ամենաշոգը չէ:
«Պարզապես այս տարի ավելի շուտ են սկսել շոգերը, բայց դա չի նշանակում, որ այդպես էլ կշարունակվի մինչեւ վերջ: Սովորաբար ամռան ամենաշոգ ժամանակը հուլիսի երկրորդ կեսն է եւ օգոստոսի առաջին կեսն է: Ամենաշոգ ամռան լինելու մասին վաղ է խոսել, դեռ ամռան կեսն է անցել: Ճիշտ է՝ հիմա էլ շոգ է, բայց ամենաշոգը չէ»,-ասաց Զարուհի Պետրոսյանը:
Նշենք, ոի 2015թ ամռանը հիմնականում գրանցվել է +37+39 աստիճան, միայն հունիսի 30-ին Զվարթնոցում եւ հունիսի 29-ին Մեղրիում եղել է 39,5 աստիճան: Թե նորից երբ կգրանցվի 40 աստիճան ջերմություն, «Հիդրոմետի» ղեկավարն ասաց, որ կանխատեսում արվում է 5 օրվա հաշվարկով եւ այս պահին առաջիկա 5 օրերի դեպքում նման ջերմաստիճան չի սպասվում:




























