Ադրբեջանում խորհրդային հետախույզի հերոսությանը նվիրված ֆիլմի նկարահանումների պատճառով նոր սկանդալ է բռնկվել։

Ինչպես գրում է haqqin.az-ը, Բաքվում «Ռոսիա 1» հեռուստաընկերության պատվերով ընթանում են «Լենդ լիզ» ֆիլմի նկարահանումները, որը նվիրված է 1943թ. Իրանում գերմանական լրտեսների դեմ պայքարող խորհրդային  հետախույզի հիշատակին։ Հետխորհրդային տարիներին հայտնի էր դարձել, որ Թեհրանում 1943թ. ԽՍՀՄ, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ կազմակերպվող հարձակումը կանխելու գործում գլխավոր դերը կատարել էր հայ հետախույզ Գեւորգ Վարդանյանը, որը Իրանում գործում էր Ամիր կեղծանվան տակ։

Բաքվում չեն կարողացել հաշտվել մտքի հետ, որ ֆիլմը նվիրված է հայ հետախույզին։ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը հայտարարել էր, որ իր երկրի տարածքում ֆիլմ նկարահանելու թույլտվություն չի տալու։

Պարբերականը կապ է հաստատել ֆիլմի գործադիր պրոդյուսեր Միխայիլ Շեստակովի հետ, ով նշել է, որ իրենք ֆիլմում խուսափել են հայկական թեմատիկայից, եւ գլխավոր հերոսը լինելու է խորհրդային հետախույզ Իվանը, ով ազգությամբ ռուս է։

haqqin.az-ի հարցադրմանը, թե ինչ կարեւոր է, թե ով է խաղալու «Լենդ Լիզ»-ում, եթե «Թեհրան 43» ֆիլմից հետո հայտնի էր դարձել, որ հերոսի նախատիպը Գեւորգ Վարդանյանն է եղել, գործակալության զրուցակիցը պատասխանել է. «Ես «Թեհրան-43»-ը չեմ նայել»։