«Բանդայի գործով» ամբաստանյալ, արդեն 3.5 տարի ազատազրկման մեջ գտնվող Քյարամ Ամոյանի նկատմամբ նոր դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի փաստաբանը՝ Սամվել Հովհաննիսյանը:
«Քանի որ փորձագետները լրիվ չէին պատասխանել դատարանի առաջադրած հարցերին Քյարամ Ամոյանի հոգեկան առողջության մասին, նախորդ փորձաքննությունից 3 ամիս անց նոր փորձաքննություն է նշանակվել՝ առաջադրված հարցերը պարզաբանելու նպատակով»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ դատարանը հետեւյալ հարցերն է առաջադրել կապված Քյարամ Ամոյանի հոգեկան առողջության հետ. արդյո՞ք ամբաստանյալն ունի հոգեկան հիվանդություն, թե ոչ, կարող է մնալ կալանքի տակ, թե ոչ, իր գործողությունները հասկանում է, թե ոչ, կարող է կրել պատիժը, թե ոչ:
Նշենք, որ այսօր կայացած դատական նիստի ավարտին ամբաստանյալ Քյարամ Ամոյանի ինքնազգացողությունը վատացել է: Նրա համար «Շտապօգնության» մեքենա են կանչել:
Նշենք, որ 2014թ.-ի մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը: Նոյեմբերի 10-ին քննությունը վերսկսվել էր: 2015թ. փետրվարին կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել, որից հետո դատավարությունը նորից հետաձգվել էր:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման:





























