Իտալիայում 82 տարեկան հասակում մահացել է երկրի նախկին նախագահ Ֆրանչեսկո Կոսիգան, հաղորդում է Reuters-ը:
Նա հոսպիտալացվել է օգոստոսի 9-ին` թոքերի եւ սրտի հետ կապված խնդիրների պատճառով: 8 օր մնալով հիվանդանոցում, Կոսիգան մահացել է: Նա 50 տարվա քաղաքական գործունեության ստաժ ուներ: 1985-ին ընտրվել է Իտալիայի նախագահ: Ընդ որում, Իտալիայի պատմության մեջ, նա առաջին նախագահն էր, ով ընտրվել է հենց առաջին քվեարկությամբ, միաժամանակ, դառնալով այդ երկրի ամենաերիտասարդ նախագահը:
Կոսիգան հեռացել է նախագահի պաշտոնից իր ժամկետի ավարտից երկու ամիս առաջ: Դրանից հետո նա ցմահ կրում է սենատորի եւ երկրի վաստակավոր նախագահի կոչումը:
Ոչ պակաս հետաքրքիր է Կոսիգայի գործունեությունը ՆԳ նախարարի պաշտոնում: 1978 թվականին, երբ նա գլխավորում էր ՆԳՆ-ն, «Կարմիր բրիգադներ» կոմունիստական խմբավորումը առեւանգում է երկրի նախկին վարչապետ եւ քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ Ալդո Մորոյին: Հռոմի փողոցներից մեկում հանցագործները սպանում են Մորոյի 5 ուղեկցողներին, իսկ նրան` առեւանգում: Դրանից 54 օր անց քաղաքական գործչին սպանում են, իսկ մարմինը թողնում փողոցում կայանած մեքենայի մեջ:Այդ հանցագործության ավարտից հետո Կոսիգան հրաժարական է տալիս, քանի որ այդպես էլ չի կարողանում գտնել հանցագործներին:




























