Հայաստանի մի շարք համայնքներում սեպտեմբերի 13-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մի շարք համայնքներում:

Հիմնականում առաջադրվել են գործող ղեկավարները, որոնք ՀՀԿ-ական են: Բայց, օրինակ, Գեղարքունիք համայնքում ինքնառաջադրվել է նաեւ ՀՅԴ անդամ, մարզպետարանի աշխատակից Նորիկ Հովհաննիսյանը: Շիրակի մարզի Մարալիկ համայնքում ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու, գործող ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գեւորգյանը, «Հանգրվան» ՊՈԱԿ-ի պարետ, անկուսակցական Տոնական Գրիգորյանը, ինչպես նաեւ Մարալիկի քաղաքապետարանի տեսուչ, ԲՀԿ անդամ Արտակ Ավդալյանը:

Մյուս խոշոր համայնքը, որտեղ կընտրեն քաղաքապետ, Իջեւանն է: Այդտեղ առայժմ միայն թեկնածությունն է առաջադրել գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Նա նախկին ԲՀԿ անդամ է, վերջերս է դարձել ՀՀԿ անդամ եւ առաջադրվել ՀՀԿ-ի կողմից:

Նշենք, որ թեկնածությունների առաջադրումը սկսվել է այսօր՝ օգոստոսի 14-ին, այն կշարունակվի մինչեւ օգոստոսի 19-ը: