Ներառական կրթության համակարգում ընդգրկված` Երեւանի 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը պնդում է, որ ինքը չի հրաժարվել մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգին դպրոց ընդունել, այլ մայրն ինքն է որոշել ուրիշ դպրոց տանել երեխային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Անտոնյանը` հերքելով նաեւ երեխայի մոր պնդումները, որ տնօրենն իրեն աննրբանկատ է պահել, բարձր տոնով է խոսել, երեխայի ներկայությամբ ասել է, որ նա շատ բարդ երեխա է, եւ իրենց մոտ չի կարող սովորել` համապատասխան մասնագետների բացակայության պատճառով։
«Անկեղծ ասած` չեմ կարող ասել` ինչու է ծնողը նման հայտարարություն արել, ինձ համար անկնկալ էր ծնողի նման վարքագիծը, ես երեխային անգամ կոնֆետ ու թխվածքաբլիթ եմ հյուրասիրել, շփվել եմ նրա հետ, հարցրել եմ անունը, նայել եմ Գնահատման կենտրոնի եզրակացությունը: Ես սպասում էի, որ ծնողը պիտի այդ օրը դուրս գար դպրոցից, հետո գործերով վերադառնար, իսկ թե ինչու այսպիսի բան տեղի ունեցավ` ծնողը ճիշտ չընկալեց այդ ամենը, չեմ կարող ասել»,– ասաց տնօրենը։
Տնօրենը նաև ասաց, որ իր և Արեգի մոր միջև վեճ տեղի չի ունեցել. «Բացառվում է ուղղակի: Անգամ մեր ձայնի տոները չեն բարձրացել, ուր մնաց թե վեճի մասին խոսք լինի: Մեր զրույցին ներկա են եղել դպրոցի 6-7 աշխատակիցներ, որոնք կփաստեն, թե ինչ զրույց է տեղի ունեցել»:
Մինչդեռ երեխայի մոր` Ալլա Գևորգյանի խոսքով` տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում սենյակում եղել է միայն մեկ մասնագետ, որից հետո միայն տնօրենն իր մոտ է կանչել մյուս մասնագետներին՝ իր մերժումը նրանց օգնությամբ հիմնավորելու համար։
Տնօրենը նշեց, որ ծնողը հնարավոր է` այդ պահին վրդովված է եղել, քանի որ իրեն ասել է` թե մի քանի դպրոց արդեն մերժել է երեխային ընդունել։ Արեգի մայրը՝ Ալլա Գևորգյանը, սակայն, NEWS.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը. «Մի քանի դպրոցի մենք չենք դիմել: Միայն անցած տարի թիվ 84 դպրոց ենք դիմել, պարզապես քանի որ ուշ էինք դիմել, տնօրենը մեզ ասաց՝ հաջորդ տարի գանք»:
Նշենք, որ Արեգն ընդունվել է Երեւանի 136 դպրոց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիլիթ Անտոնյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրն է: Ռուզաննա Մուրադյանը Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:





























