Toyota-ը չեղարկել է Land Cruiser Prado ամենագնացը Վլադիվոստոսի «Սոլերս-Բուսսան» գործարանում հավաքելու մասին պայմանագիրը: Ձեռնարկությունում արտադրությունը կանգնեցվել է, եւ նոր Prado-ներն այսուհետ Ռուսաստան կբերվեն միայն Ճապոնիայից: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ճապոնական ավտոարտադրողի հաղորդագրությունը:
«Սոլերս»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունը «դիտարկում է «Սոլերս-Բուսսանում» այլ մոդելների արտադրության հնարավորությունը» եւ մտադիր չէ կրճատել աշխատակազմը: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Toyota Motor Corp.-ը «Սոլերս-Բուսսան»-ին կփոխհատուցի նախագծի փակման հետ կապված ծախսերի մի մասը:
Toyota ընկերությունում «Ինտերֆաքս»-ին պարզաբանել են, որ արտադրության դադարեցումը կապված է նախագծի տնտեսական աննպատակահարմարության հետ: «Որոշումն ընդունել են չորս կողմերը՝ «Սոլերս»-ը, «Սոլերս-Բուսսան»-ը, Mitsui-ն եւ Toyota-ն: Կողմերը քննարկել են արտադրությունն ամբողջական ցիկլով իրականացնելու հնարավորությունը եւ հանգել եզրակացության, որ այդ տարբերակն անկենսունակ է»,- հայտարարել է Toyota-ի ներկայացուցիչը:
Land Cruiser Prado-ի հավաքման նախագծի դադարեցումից հետո ընկերությունը Ռուսաստանում կպահպանի արտադրությունը: Toyota-ն Պետերբուրգում հավաքում է Camry մոդելը: 2016 թվականին ընկերությունը ծրագրում է այնտեղ սկսել նաեւ RAV4 մոդելի արտադրությունը:




























