Վրաստանում ավտովթարից զոհված հայերը մեկնել էին հանգստի: NEWS.am-ի տեղեկություններով՝  վթարի հետեւանքով տուժածները Դավթաշեն վարչական շրջանից են: Մահացողներից երկուսը մայր ու աղջիկ են՝ Լիլիթ Ներսիսյանը եւ Հեղինե Բաղդասարյանը, ընտանիքի հայրն ու 10-ամյա որդին չէին մեկնել հանգստի: Վթարի հետեւանքով զոհված Մարգարիտա Ներսիսյանը Լիլիթի քույրն է, իրենց հետ էր նաեւ նրա թոռնուհին՝ Մարգարիտա Սարգսյանը, ում վիճակը գնահատվում է ծանր:

Մեզ հայտնի դարձավ, որ Վրաստանում հանգստացողները արդեն պետք է վերադառնային, պատահաբար հանդիպեցին իրեն հարեւանին՝ Արշավիր Հ.-ին, ով տաքսի է վարում, եւ վերջինս ասել է, որ իրենց կբերի Հայաստան: Նրանք էլ տոմսերը վերադարձրել են, որպեսզի հարեւանի հետ վերադառնան:

Վթարի հետեւանքով վիրավորված Ռուզաննա Հ.-ն էլ Արշավիրի կինն է: Մեզ հայտնի դարձավ, որ նրանց մեքենան կանգնած է եղել, Ռուզաննա Հ.-ն ցանկացել է իջնել մեքենայից, երբ «Ֆորդ տրանզիտը» բախվել է իրենց մեքենային: Մահացել է նաեւ վրացի վարորդը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 19.58-ին տեղեկություն է ստացվել, Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ավտովթար, ինչից տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 14.37-ի սահմաններում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 729 համարանիշի եւ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 զոհ, 2 վիրավոր, որոնք ՀՀ քաղաքացիներ են:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 ND 729 համարանիշի ավտոմեքենան պատկանում է Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Հարությունյանին:

Ժամը 23.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել են տվյալներ զոհերի մասին՝

16-ամյա Հեղինե Բաղդասարյան,

40-ամյա Լիլիթ Ներսիսյան,

57-ամյա Մարգարիտա Ներսիսյան,

57-ամյա Արշավիր Հարությունյան:

Տուժել են՝

54-ամյա Ռուզաննա Հարությունյան,

Մարգարիտա Մարգարյան:

Նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: