Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, ինչպես եւ խոստացվել էր, առաջիկա քառօրյայում ներկայացվելու է Ազգային ժողովի դատին: Այդ մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է այդ հանձնաժողովի անդամ, դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը, այնուամենայնիվ նշել է, որ կարող է հանձնաժողովը երկարացնել իր աշխատանքը, եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ փաստահավաք խմբի անդամների նոր զեկույցի պատճառով: «Բայց նույնիսկ իրենց ներկայացրած այսօրվա շուրջ 2500 էջից բաղկացած փաստերի մեջ առանձնակի նորություններ չկային: Ես հասցրել եմ ուսումնասիրել: Այդ փաստերի մեծ մասն արդեն հանձնաժողովն ունի»,- նշել է Մինասյանը:

Որքանո՞վ այդ զեկույցն ընկալելի եւ ընդունելի կլինի հանրության համար, հատկապես, որ փաստահավաք խմբի ընդդիմադիր նախկին անդամները մեղադրել էին ժամանակավոր հանձնաժողովին, որ իրենց ներկայացված զեկույցները լրջորեն չեն ուսումնասիրվում: NEWS.am-ի այս հարցին դաշնակցական պատգամավորը պատասխանեց. «Այլ հարց է, թե որքանո՞վ կբավարարի: Մենք հույս ունենք, որ մեծամասամբ կբավարարի: Որովհետեւ այն գնահատականները, որ մենք տվել ենք, կարծում եմ, բավական, օբյեկտիվ են եղել»,- ասաց Մինասյանը՝ ձեռքի հետ էլ մեղադրելով ընդդիմությանը. «Կարող էին ավելի օբյեկտիվ լինել, եթե մեր գործընկեր ընդդիմությունը ավելի ակտիվ մասնակցեր»:

Ի դեպ, առ այսօր պատասխան չի տրվել մարտի 1-ի ամենակարեւորագույն հարցին՝ 10 զոհերի մահվան հանգամանքին: «Մահվան հանգամանքների մասով նախաքննական մարմնի աշխատանքը գնահատում եմ անբավարար»,- նշեց Մինասյանը:

Դաշնակցական պատգամավորը նաեւ հայտնեց, որ իրենք անպայման անդրադառնալու են մարտի 1-ին ոստիկանների կողմից լրագրողների աշխատանքի խոընդոտման փաստին: Ոստիկանությունն առ այսօր չի ներկայացրել մարտի 1-ի առավոտյան մի քանի հեռուստաընկերությունների օպերատորներից առգրավված տեսաերիզները: «Չի կարելի ծածկադմփոցով փակել մարտի 1-ի էջը»,- վերջում ասաց դաշնակցական պատգամավորը: