Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած Հակոբյանների վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Փաստաբանը հայտնեց, որ իրենք համաձայն չեն որոշման հետ:

«Չի բացառվում, որ դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց Բալոյանը:

Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին ատյանի կայացրած որոշումն արդեն մտել է ուժի մեջ եւ համապատասխան մարմինները պետք է որոշում կայացնեն՝ ռեժիմ ընտրելու վերաբերյալ:

Սպասվում է, որ Վարդան Պետրոսյանի վերաբերյալ ընտրվելու է կալանքի բաց ռեժիմը, ինչը նշանակում է՝ առաջիկայում դերասանն ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել էին առաջին ատյանի որոշումը, սակայն Վերաքննիչը անփոփոխ էր թողել վճիռը: