Թուրքիայի պետնախարար Ջեւդեթ Յըլմազն այցելել է ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող 10-11-րդ դարերում Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած  Անի եւ թուրք լրագրողների մոտ չի կարողացել թաքցնել իր տպավորությունները։

Թուրք պետնախարարը այցել է Կարս, այնուհետ Կարսի փոխնահանգապետի հետ շրջել է Անիով եւ նրա պատմության մասին տեղեկություններ ստացել։  Անիի գեղեցկությամբ տպավորված, պետնախարար Ջեւդեթ Յըլմազը թուրք լրագրողների հետ զրույցում  նշել է. «Անին հրաշք է, բավական տպավորիչ մի վայր։ Մետաքսի ճանապարհին կառուցված այս վայրում բավականին զարգացած է եղել ճարտարապետությունը»-նշել է պետնախարարը՝ հավելելով, որ Անին Թուրքիայի տուրիզմի զարգացման համար մեծ պոտենցիալ ունի եւ պետք է այն բնականին շատ մոտ վերականգնել։

Լրագրողներից մեկի դիտակմանը, թե չնայած Հայաստանն Անիից ընդամենը մի գետ է բաժանում, սակայն Հայաստան գնալու համար 10 ժամ է հարկավոր, պետնախարարը պատասխանել է. «Մեր ադրբեջանցի եղբայրների հետ տարածաշրջանային խաղաղության շրջանակում  մի օր Հայաստանի հետ սահմանը կբացվի։ Սահմանի բացումը թե' մեր, թե' Հայաստանի օգտին է։ Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրներ կան։ Տա Աստված, որ դրանք հաղթահարվեն, այս տարածաշրջանը բարգավաճի եւ ազատ տեղաշարժվելու համար միջավայր ստեղծվի, սակայն այդ ամենին հասնելու համար պետք է քայլեր արվեն»-ամփոփել է Ջեւդեթ Յըլմազը։

Նշենք, որ նկարում պետնախարարը գտնվում է Անիի Տիգրան Հոնենցի կառուցած Ս.Գրիգոր լուսավորիչ եկեղեցու դիմաց, որի վերանորոգումը նոր է ավարտվել։ Եկեղեցու ներսում, չնայած տեղի բնակչության վայրագություններին, բավականին լավ պահպանվել են հրաշագեղ մանրանկարներ՝ աստվածաշնչյան պատումներով։

Սակայն հայտնի չէ, թե նախարարին ուղեկցող եւ Անիի մասին տեղեկություններ հաղորդող Անիի աշխատակից Ջենգիզ  Քարադան թաքցրե՞լ է Անիի հայկական լինելու փաստը, թե՞ նախարարը թուրքական քաղաքականության համաձայն, պարզապես շրջանցել է այդ փաստը: Ցավոք, Անիում կանգուն մնացած հայկական շինություններից ոչ մեկի դիմաց տեղադրված ցուցանակների վրա չկա հայ կամ Հայաստան գրությունը։ Օրինակ՝ Գագկաշենի ցուցանակի վրա գրված է. «Կառուցվել է Գագիկ թագավորի կողմից» եւ ոչ մի խոսք թե ո՞ր երկրի թագավորն է եղել Գագիկը։

Արթուր Հակոբյան