Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան օգոստոսի 23-ին նշում է իր 60-ամյա հոբելյանը:

«Հոբելյանը նա ծրագրում է նշել համեստ միջավայրում, մտերիմների շրջանում, ոչ մի պաշտոնական միջոցառում նախատեսված չէ»,- «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ժամանակավոր կառավարության տեղեկատվական-համակարգող կենտրոնի ղեկավար Ֆարիդ Նիյազովը:

Ավելի վաղ, Օթունբաեւան հայտարարել էր, թե մտերիմների մեծ մասը, այդ թվում դուստրը, ապրում եւ աշխատում են Ղրղըզստանի սահմաններից դուրս: Ղրղըզստանի նախագահը երկու երեխա, վեց քույր եւ մեկ եղբայր ունի: «Մեզնից 5-ն ավարտել են Մոսկվայի բուհերը, հինգն էլ գիտությունների թեկնածու են դարձել տարբեր ոլորտներում: Դուստրս աշխատում է Լոնդոնում: Որդիս զբաղվում է զբոսաշրջային բիզնեսով: Իսկ հարսս ռուս է»,- ասել է Օթունբաեւան:

Նախագահն ասել է, թե իր համար լավագույն նվերը կլինի դպրոցական դասագրքեր ձեռքբերելու համար միջոցների հայթայթումը: