Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին։
«Մամեդյարովի հրաժարականի հարցը այսօր շատ լուրջ է, եւ արդեն քննարկվում է նրան փոխարինողի թեկնածության հարցը։ Նրա հրաժարականի հարցը ձգձգվում է միայն Ղարաբաղի բանակցությունների պատճառով»,- գրում է minval.az-ը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի շուրջ սկանդալի առիթ էր դարձել մի շարք դիվանագետների արած հայտարարությունները, որոնք գերատեսչությանը մեղադրել էին կաշառակերության մեջ, եւ դեսպանատների նախկին աշխատակիցների փախուստը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, հատկապես ուշագրավ է ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունը։ Սեպտեմբերի 8-ին ԱԳՆ-ն հայտարարել էր, որ վերջին ամիսներին դիվանագիտական ծառայության համար ոչ պիտանի եւ շատ թերացումներ թույլ տված մի քանի աշխատակիցներ դադարեցրել են իրենց գործունեությունը։
«Այն մասին, որ ԱԳՆ-ն վատ կադրեր է հավաքում, գրում էին նաեւ նախկինում, սակայն վերջին 2 սկանդալները կարելի է գնահատել որպես Մամեդյարովի ղեկավարած արտաքին քաղաքական գերատեսչությունում ծայր առած ըմբոստություն։ Հետաքննություն վարելու փոխարեն նախարարը զբաղված է արտասահմանում գտնվող աշխատակիցներին աշխատանքից ազատելով։
Նրա այս քաղաքականությունը վնաս է հասցնում արտասահմանում Ադրբեջանի հեղինակությանը, դիվանագետները չեն ցանկանում վերադառնալ հայրենիք։ Անկախության ձեռքբերման պահից ի վեր Ադրբեջանում նման բարձիթողի վիճակ չէր եղել»,- գրում է պարբերականը։





























