Սահմանադրական բարեփոխումների նախագիծը անցկացումը թույլ չտալու համար անհրաժեշտ է պայքարի միասնական ճակատ ձեւավորվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նորաստեղծ «Ո՛չ ՀՀԿ-ի Սահմանադրությանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահե Մելքոնյանը։
«Որքան շատ նախաձեռնություններ լինեն, որքան շատ արտահայտվող անհատներ լինեն, որքան արագ ձեւավորվի միասնական ճակատ, այնքան արագ կհասնենք սահմանադրական բորեփոխումների նախագծի չանցկացմանը»,-ասաց ակտիվիստը՝ ավելացնելով, որ իրենց նախաձեռնությունը պատրաստ է համագործակցելու սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող անհատների եւ կազմակերպությունների հետ։
Վահե Մելքոնյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծով փորձում են ապահովել ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ ՀՀԿ կուսակցության իշխանության հարատեւումը՝ փորձելով այլ կուսակցություններին զրկել երկիրը կառավարելու հնարավորությունից։
«Բարեփոխումները ոչ միայն Սերժ Սարգսյանի վերարտադրումն է, այլեւ Հանրապետական կուսակցության հետագա իշխանության ապահովումը։ Այսինքն` նրանք փորձում են ստեղծել կոմկուսի ինչ-որ մի բան Հայաստանում, որպեսզի այլ կուսակցությունները իշխանության չգան։ Մեր խնդիրն այն է, որ նորմալ ընտրությունների եւ ժողովրդի քվեարկությամբ ղեկավար հայտնվի, պետք է ունենալ մի համակարգ, որտեղ իշխանության կգա նա, ում ժողովուրդը կցանկանա»,-նշեց նա։
Ըստ ակտիվիստի՝ նախաձեռնությունը դեռ չի մշակել Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի իր մեթոդները։
«Մենք փորձում ենք հասկանալ՝ մարդիկ ինչ են ասում, որովհետեւ տարբեր կարծիքներ եւ գաղափարխոսություններ կան, կմշակենք պայքարի հետագա մեր մեթոդները։ Կտեսնենք, թե ինչ ակցիաներ են նախաձեռնվում, այն ժամանակ ինքներս էլ կկազմակերպենք տարբեր տիպի ակցիաներ եւ հանրային քննարկումներ»,-ասաց Վահե Մելքոնյանը։





























