Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգն իրեն սպառել է, անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման համակարգի ներդրում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում ասել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 11-ին քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Վարդան Պողոսյանը հիմնական զեկուցողն , նիստին մասնակցում են նաեւ հանձնաժողովի անդամները, արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Պողոսյանը նախ նշել է, որ ԱԺ-ին ներկայացված է ոչ թե նոր Սահմանադրություն, այլ` սահմանադրական փոփոխությունների նախագիծ:

Ըստ փորձագետի, կառավարման խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը փոփոխվի եւ ավելի համահունչ լինի տվյալ պահին երկրում հասարակական իշխող կարծիքներին ու տրամադրություններին: Միաժամանակ նա չի հերքել, որ խորհրդարանական կառավարման համակարգը խոցելի տեղեր ունի, կարող է որոշակի անկայունություն դրեւսորել:

Վարդան Պողոսյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններով կառավարման գործընթացներում մեծանում է ժողովրդի անմիջական մասնակցությունը: