Ֆրանսիայից Հայաստան հրավիրված հանրահայտ հայ խոհարար Ալեն Ալեքսանյանը Լոռու մարզի Օձուն գյուղում առաջին անգամ մասնակցել է «Օձունի գանձեր» փառատոնին։ «Ինձ հրավիրել էր G2I կազմակերպությունը։ Ես ինքս ապրում եւ աշխատում եմ Լիոնում»,- NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ալեքսանյանը։

Նա նշեց, որ Օձունը իրեն հմայել է իր վսեմությամբ եւ գեղեցկությամբ։ Բացի այդ, նրան ապշեցրել է այստեղ աճող կանաչու, մրգերի, բանջարեղենի եւ հատապտուղների տեսականին։ «Ես խնդրեցի, որ ինձ համար մի քանի տասնյակ տարա մուրաբա, ջեմ եւ կոնֆիտյուր պատրաստեն, որպեսզի ես հետս Լիոն տանեմ»,- պատմել է Ալեքսանյանը։

Նրա կարծիքով նման փառատոնները շատ կարեւոր են Հայաստանի հեռավոր մարզերի զարգացման համար։ Դրանք նպաստում են արտահանման ծավալների աճին, դա էլ իր հերթին հանգեցնում է նոր աշխատատեղերի բացմանը։ Ինքն ուրախ է այդ գործընթացին մասնակցելու համար, քանի որ աջակցում է պետությանը, որտեղից սերում են իր արմատները։

«Տատիկս Ցեղասպանության ժամանակ փախել էր Արեւելյան Հայաստան։ Այստեղ ծնվել են իմ ծնողները, որոնք ավելի ուշ տեղափոխվել են Ֆրանսիա»,- պատմել է Ալեքսանյանը։

Կիսելով Հայաստանով կատարած ճանապարհորդություններից ստացած իր տպավորությունները՝ նա ընդգծեց, որ Հայաստանն իր համար ոչ թե քաղաքներն են, այլ գյուղերն ու հեռավոր մարզերը։ Բացի այդ, նա նշեց, որ կանայք Հայաստանում շատ են աշխատում։ «Տղամարդիկ քիչ են։ Նրանց մեծ մասը արտասահմանում է։ Պատերազմական իրավիճակը շոշափելի է՝ էլ չասած շրջափակումը։ Երկրի համար ավելի սարսափելի բան չկա, քան իրեն մեկուսացած զգալը»։

Հարցին, թե նրա կարծիքով գեղեցիկ են արդյոք հայ կանայք՝ խոհարարը միայն ժպտաց. «Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, քանի որ դա կնշանակի, որ աշխարհում կան մեկը մյուսից գեղեցիկ կանայք, իսկ դա այդպես չէ։ Կանացի  գեղեցկության մեջ կարեւորը ներքին գեղեցկությունն է, իսկ հայուհիներն այդ առումով շատ ու շատ գեղեցիկ են»։