Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Instagram-ում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն այն բանից հետո, երբ ինքը ցանկություն էր հայտնել անձամբ հանդիպել Պուտինի հետ եւ քննարկել ԼԳՏԲ հանրության խնդիրները։ Անցյալ հանգստյան օրերին սըր Էլթոն Ջոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ցանկանում է զրուցել Պուտինի հետ ՌԴ-ում ԼԳՏԲ հանրության ներկայացուցիչների խնդիրների մասին։ Նախօրեին երգիչը Կիեւում Յալթայի եվրոպական ռազմավարության ֆորումում բարձրացրել էր հանդուրժողականության եւ մարդու իրավունքների թեման, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Շնորհակալություն Վլադիմիր Պուտինին, որ կապ է հաստատել ինձ հետ եւ զրուցել է հեռախոսով։ Սպասում եմ նրա հետ դեմ առ դեմ հանդիպմանը, որպեսզի քննարկենք ԼԳՏԲ ներկայացուցիչների իրավահավասարության հարցերը»,- գրել է նա։





























